«Խոր և գերբնական շերտեր կան այնտեղ»
25.11.2019 | 22:24
Գրքի երևանյան փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ ամերիկացի հանրահայտ գրող Սթիվեն Քինգի «Փայլատակում» գրքի շնորհանդեսը:
Գրականագետ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ խոսքով` «Փայլատակումը» առնչություն ունի Ջոն Լենոնի հանրահայտ երգերից մեկի հետ. Սթիվեն Քինգը ներշնչվել է Ջոն Լենոնի երգի մի տողից, որտեղ նա երգում է այն մասին, որ մարդիկ փայլատակումներ են ունենում. «Սթիվեն Քինգն առաջին անգամ է ներկայացվում հայ ընթերցողին, և այնպես ստացվեց, որ «Զանգակ» հրատարակչությունը այս տարի միաժամանակ երկու գիրք հրատարակեց`«Մարտակումբը» և Սթիվեն Քինգի «Փայլատակումը»: Երկու դեպքում էլ փորձեց հայ գրական դաշտում որոշ փոփոխությունների առիթ դառնալ, քանի որ այս ժանրով մեզանում ստեղծագործություններ չեն գրվում և չեն էլ թարգմանվում: Սարսափի ժանրը մենք գիտենք հիմնականում ֆիլմերից: Անցյալ շաբաթ «Մարտակումբը» վեպի շնորհանդեսին հենց այդ հարցի վրա կանգ առանք, թե արդյո՞ք հայերեն պատրաստ ենք այս ժանրի գրքեր թարգմանելու, իհարկե, նաև հրատարակելու: Ես` որպես գրական դաշտի ներկայացուցիչ, գրականագետ, դասախոս, գիտեմ՝ որքան սահմանափակ են մեր և մեր ուսանողների պատկերացումները գրականության մասին, մտածում ենք, որ վեպերը անպայման պետք է լինեն պատմական, հայրենասիրական, սիրո, բնության մասին: Կարծում ենք, որ սարսափի ժանրի վեպում անպայման պետք է զոմբիներ, վամպիրներ վազեն այս ու այն կողմ: Շատ տհաճ է դա ընթերցելը, բայց երբ իսկապես ծանոթանում ես, հասկանում ես, թե որքան խոր և գերբնական շերտեր կան այնտեղ և հատկապես այս ստեղծագործության մեջ»:
Կինոգետ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասաց, որ երբ 2014-2015 թթ. ցանկեր էին կազմում և ընտրում վեպեր, իրենց համար շատ կարևոր էր, որ բազմաժանրությունը պահպանվի. «Պետք է այնպիսի վեպեր թարգմանվեն, որ ոչ միայն հետաքրքիր, այլև իրենց բովանդակությամբ բազմաշերտ լինեն: Սթիվեն Քինգը այն գրողներից է, որը տարին մեկ անգամ վեպ է գրում, և այն սովորաբար դառնում է բեսթսելլեր, ինչպես նաև էկրանավորվում է: Սթիվեն Քինգը, չնայած այն փաստին, որ սարսափի ժանրի գրող է, չի մոռանում անդրադառնալ սոցիալական մի շարք խնդիրների, ինչպիսիք են` ընտանեկան հարաբերություններ, կին-տղամարդ, աղքատ մարդ, միջին վիճակագրական մարդ, ալկոհոլիզմով, թմրամոլությամբ տառապող մարդիկ, բանտարկված մարդիկ, և այդ բոլորը միահյուսված են սարսափի թելերով: Հատկանշական է, որ ոչ թե գործ ունենք հորինված սարսափի հետ, այլ իրականում գոյություն ունեցող վախերի, սարսափների հետ»:
Գրքի նկարազարդման հեղինակ ԶԱՔ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ պատմեց, որ Ջեք Թորենսին չի տվել մարդու կերպար, ստվերի պես է նկարել, և այդ հերոսը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը:
Կարեն Ավետիսյանն ավելացրեց, որ գիրքը էկրանավորղ ռեժիսորը՝ Սթենլի Կուբրիկը, երբ կարդացել է վեպը, զանգահարել է Քինգին և ասել, որ գրքում գերբնական ուժեր կան. նշանակում է, որ այս կյանքը վերջը չէ, մենք փոխադրվելու ենք ինչ-որ ուրիշ տեղ: Քինգը պատասխանել է, թե գուցե մտածել ես՝ դա դժո՞խքն է:
Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ